Երեւանյան տապից փոքր-ինչ հեռու՝ «Տիգրան Ձիթողցյան» պատկերասրահում, «Պորշե կենտրոն Երեւան» ընկերությունը համախմբել էր երիտասարդ ձեռներեցներին եւ Porsche-ի սիրահարներին, իսկ նպատակը նոր «Cayenne Platinum Edition»-ի հետ ծանոթությունը եւ արտասովոր զգացումներ ունենալն էր:
«Այս անգամ փորձել ենք նրբաճաշակ մեքենան համադրել նրբաճաշակ արվեստի հետ: Այնպես ենք մտածել, որ բոլոր հաճախորդներին կարողանանք կտրել իրենց առօրյա գործերից ու մի քանի ժամ տեղափոխել դեպի Porsche-ի հարթակ՝ լի նորություններով: Մշտապես հետաքրքիր մնալու, հավատարիմ գնորդին իր կողքին պահելու համար, նրա կարծիքը հաշվի առնելով՝ ստեղծվել է «Platinum Edition»-ի նոր սերիան: Շարժիչի ու թափքի առումով փոփոխություն չկա, պարզապես կառուցվել է գնորդի կրքով ու առաջարկով: Պորշեն, ուսումնասիրելով ավտոսիրողների հետաքրքրություններն ու ցանկությունները, լսելով նրանց դիտարկումները, ներդնում է նոր լուծումներ ու մոտեցումներ»,- նշեց «Պորշե կենտրոն Երեւանի» վաճառքի խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը՝ հավելելով, որ նորարարությանը զուգահեռ, Porsche-ն շարունակում է պահել իր հիմնական ձեռագիրը:
Հաճախորդների կողմից նախընտրելի անվահեծեր, սեւ գույնի խլացուցիչներ, գործարանային մգեցմամբ ապակիներ, որոնք առանձնանում են յուրահատուկ շրջանակներով, դռների բացման եւ փակման կոմֆորտ համակարգ, տաքացվող նստարաններ, գեղեցիկ դաջվածքներով գլխի հենակներ. հիմնվելով Porsche-ի հավատարիմ հաճախորդների եւ իրապես լավ վարորդների անձնական նախասիրությունների վրա՝ «Platinum Edition» մոդելներում առաջարկվում է գրավիչ ընդհանուր փաթեթ, որում սարքավորումների ամենատարածված օպցիաներն են(համակարգ), նորամուծությունները եւ, բնականաբար, ներառում են այն ամենն, ինչը կարեւոր է:
«Porsche Cayenne Platinum Edition»-ի արտաքին գրավչությունն անթաքույց է
Հիանալի կերպով միաձուլված են բացառիկ դիզայնը, ներդաշնակ գունավորումն ու հարմարավետությունը: Արտաքինից բարդ սպորտային տեսք ունի, աչքի է ընկնում դռների կողային հայելիների սեւ փայլուն ձեւավորմամբ, օդի մուտքի ճաղերի ներդիրներով, ինչպես նաեւ մոդելի վրայի տառանշումներն արված են մետաքսափայլ պլատինե գույնով: Անհնար է չնկատել 21 դույմ PS Spyder Design Platinium անիվները եւ թափքի գույնով անվածածկոցի բարձր վրադիրները: Մեքենասերները նկատեցին նաեւ, որ օդամղիչները փայլուն ներդիրներով են, լուսարձակները LED` ներառյալ PDLS, արտաքին եւ սրահի հայելիները ավտոմատ մթագնող են, սպորտային արտածման խողովակները եւս սեւ են:
Տպավորիչ արտաքին տեսքն ամբողջանում է սրահով, որտեղ հիանալի համադրվում են հարմարավետությունն ու սպորտային ոճը՝ էրգոնոմիկ սպորտային նստատեղերով: Մեքենան առաջարկվում է երեք տարբեր շարժիչներով եւ հասանելի է թափքի երկու տարբերակներով՝ կախված շուկայից: Տանիքի մեծ ապակե մակերեսների շնորհիվ ինտերիերում ստեղծվում է լուսավոր եւ հաճելի տրամադրություն, միեւնույն ժամանակ հետնապակիների մգեցումով ապահովվում է պաշտպանություն ինչպես արեւի լույսից, այնպես էլ՝ հետաքրքրասեր աչքերից:
Երեկոյի հյուրերը Երեւանի կոնյակի գործարանի առաջարկած ինքնատիպ կոկտեյլների ուղեկցությամբ ծանոթացան «Porsche Cayenne Platinum Edition»-ի հնարավորություններին եւ առանձնահատկություններին, որից հետո նյույորքաբնակ հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի նոր նկարի հետ ծանոթանալու ժամանակն էր: Երաժիշտ Վահագն Հայրապետյանի դաշնամուրի հնչյունների ներքո Տիգրանի յուրահատուկ սեւ եւ սպիտակ աշխատանքները ամբողջացրին ներկաների տպավորությունները: Օրվա ավարտին Կարեն Վարդանյանը, խոսելով ստարտափների գաղափարախոսության ու նպատակների մասին, առանձնացրեց «էկո համակարգը եւ հնարավորությունները» թեման եւ ներկայացրեց նոր ստարտափ: