
2023 թվականին ողջ աշխարհում մեծ շուքով նշվեց Porsche սպորտային մեքենաների 75-ամյակը։ Սա մի լեգենդար պատմություն է, որը սկսվեց մեկ պարզ, բայց համարձակ երազանքից։ Այդ երազանքն իր արտացոլումը գտավ ինժեներական հանճարի և անսպառ կրքի մեջ՝ Porsche-ը դարձնելով հզորության ու շքեղության խորհրդանիշ ողջ աշխարհում։
Porsche 356 No. 1 Roadster-ից մինչև ժամանակակից լեգենդներ
Ամեն ինչ սկսվեց 1948 թվականին, երբ Ֆերի Պորշեն կյանքի կոչեց սպորտային ավտոմեքենա ստեղծելու իր երազանքը՝ ներկայացնելով Porsche 356 No. 1 ռոդսթերը։ Մոդելը շահագործման թույլտվություն ստացավ 1948 թվականի հունիսի 8-ին՝ դառնալով Porsche անունը կրող առաջին սպորտային ավտոմեքենան։ Այն նշանավորեց լեգենդար ապրանքանիշի ծնունդը և հիմք դրեց մի հաջողության պատմության, որտեղ սպորտային դիզայնն ու տեխնոլոգիական նորարարությունը դարձան անբաժանելի ուղեկիցներ։
Տասնամյակների ընթացքում Porsche-ը հարթեց իր ուղին դեպի համաշխարհային ճանաչում՝ յուրաքանչյուր նոր մոդելով վերասահմանելով սպորտային ավտոմեքենաների հզորության և ոճի չափանիշները։
Այս ողջ ճանապարհին հաջողության բանաձևը մեկն էր. հավատարիմ մնալ սեփական պատմությանն ու ավանդույթներին, բայց երբեք չդադարել երազել ու ստեղծել այն, ինչը նախկինում անհնար էր թվում։
Porsche Vision 357. Դիզայն, որ միավորում է անցյալն ու ապագան
Որպես հոբելյանական տարվա յուրահատուկ նվեր՝ ստեղծվեց Porsche Vision 357 հայեցակարգային մոդելը: Այն մի տեսակ «հայացք է դեպի անցյալ»՝ ժամանակակից լուծումներով։
Ավտոմեքենայի արտաքին տեսքը հիշեցնում է առաջին 356 մոդելը, սակայն դետալները հուշում են, թե ինչպիսին է լինելու ապագայի Porsche-ը: Օրինակ՝ դիզայներները պահպանել են դասական կլորավուն ձևերը, բայց ավելացրել են նորագույն լուսային էֆեկտներ և աերոդինամիկ լուծումներ:
Չնայած ֆուտուրիստական տեսքին՝ Vision 357-ը հիմնված է հզոր 718 Cayman GT4 RS-ի պլատֆորմի վրա և ունի 500 ձիաուժ հզորություն: Այն մարմնավորում է Porsche-ի ԴՆԹ-ն՝ միավորելով լեգենդար ավանդույթները և ապագայի հզորագույն տեխնոլոգիաները:
Driven by Dreams. Porsche-ի ցուցահանդեսներն ամբողջ աշխարհում
Porsche 75-ամյակի ցուցահանդեսների համար ընտրվեց Driven by Dreams կարգախոսը։ Այն սահմանում է ապրանքանիշի էությունը և արտացոլում այն մոտեցումը, որով Porsche-ի թիմն ամեն օր աշխատում է հաճախորդների երազանքներն ի կատար ածելու համար։
Տոնակատարությունները մեկնարկեցին Բեռլինի հատուկ ցուցահանդեսով, սակայն շուտով տոնական շունչը տարածվեց ողջ աշխարհով։ Porsche-ի հոբելյանը նշվեց Լոս Անջելեսի Փիթերսեն ավտոմոբիլային թանգարանում, Շվեյցարիայի տրանսպորտի թանգարանում և նույնիսկ Ալպերում՝ Գրոսգլոկների բարձունքներում։ Heritage Truck-ը՝ հատուկ նախագծված շարժական ցուցասրահը, Porsche ցուցահանդեսի նմուշները հասցրեց Եվրոպայի և ԱՄՆ-ի ավելի քան 60 քաղաքներ։
Կրկնակի տոն. Porsche 911-ի 60-ամյակը և Լե Մանի 100-ամյակը
2023 թվականը նշանավորվեց ևս երկու մեծ հոբելյաններով, որոնք լրացնում են Porsche-ի փառահեղ պատմությունը:
1963 թվականի սեպտեմբերին իր նորամուտը նշած լեգենդար Porsche 911-ը տոնեց իր 60-ամյակը: Այս կուլտային մոդելն իր անգերազանցելի դիզայնով և հզորությամբ սպորտային ավտոմեքենաների սիրահարների ամենասիրելի մոդելներից մեկն է ողջ աշխարհում։
Միևնույն ժամանակ, ավտոաշխարհը նշեց լեգենդար «Լե Մանի 24 ժամ» մրցավազքի 100-ամյակը: Porsche-ն այս բարդագույն մրցաշարի բացարձակ առաջատարն է և միակ ապրանքանիշը, որը 1951 թվականից ի վեր ոչ մի տարի բաց չի թողել մրցավազքը: Իր մասնակցության ընթացքում նվաճել է 19 բացարձակ հաղթանակ և 110 հաղթանակ տարբեր դասերում՝ վկայելով անգերազանցելի արագության և տոկունության մասին:
Doors to dream միջոցառումը Porsche Yerevan Centre-ում
Համաշխարհային տոնակատարությունների շարքում իր ուրույն տեղն ունեցավ նաև Հայաստանը։
2023 թվականի հունիսի 9-ին «Պորշե Կենտրոն Երևան»-ում անցկացվեց Doors to dream խորագրով բացառիկ միջոցառումը՝ նվիրված Porsche սպորտային ավտոմեքենաների 75-ամյակին։
Սա հրաշալի հնարավորություն էր Porsche-ի հայաստանյան երկրպագուների համար՝ հաղորդակից դառնալու ապրանքանիշի պատմությանը, տեսնելու ներկան և պատկերացնելու ապագան, որտեղ յուրաքանչյուր դուռ բացվում է դեպի մի նոր երազանք։