spyder-rs
Նոր Porsche 718 Spyder RS. Porsche 718 մոդելային շարքի ամենահզոր և արագընթաց ռոդսթերը

Լեգենդար Boxster-ի շնորհանդեսից երեսուն տարի անց՝ 2023-ին, Porsche-ը թողարկեց իր նոր գլուխգործոցը՝ Porsche 718 Spyder RS ռոդսթերը, որն իր եզակի առավելություններով դարձավ 2016-ից արտադրվող մոդելային շարքի ամենամեծ ձեռքբերումը։

 

Առաջին անգամ բաց տանիքով, շարժիչի միջնամասային տեղակայմամբ սպորտային ավտոմեքենան հանդես եկավ 911 GT3 մոդելի վեցմխոցանի մթնոլորտային շարժիչով՝ ուժային ագրեգատ, որ սնուցում նաև Porsche 911 GT3 Cup մրցարշավային ավտոմեքենան՝ ապահովելով անկրկնելի հզորություն և դինամիկա:

 

Նոր ռոդսթերը 718 Cayman GT4 RS-ի բաց տանիքով տարբերակն է՝ ստեղծված նրանց համար, ովքեր վարելիս փնտրում են առավելագույն հաճույք: Յուրաքանչյուր դետալ՝ արտանետման համակարգից մինչև թեթևացված տանիք, նախագծված է զգացողություններն առավելագույնի հասցնելու համար:

 

Շարժիչ և դինամիկա. մրցարշավային տեխնոլոգիաներ բաց երկնքի տակ

 

Porsche 718 Spyder RS-ը վստահորեն համալրում է ամենահզոր և ամենաարագ սպորտային մեքենաները ներկայացնող լյուքս մոդելների շարքը:

Ռոդսթերի «սիրտն» ուղիղ փոխառություն է 718 Cayman GT4 RS Coupe-ից, որն իր հերթին կրկնում է Porsche 911 GT3-ի 4․0 լիտրանոց, վեց մխոցանի մթնոլորտային շարժիչը: Շնորհիվ այս ուժային ագրեգատի՝ 718 Spyder RS-ն զարգացնում 368 կՎտ (500 ձ. ու.) հզորություն և մինչև 9,000 պտույտ/ր՝ ապահովելով իսկական մրցարշավային դրայվ և հնչողություն:

 

Մեքենայի դինամիկան նույնպես բացառիկ է. 100 կմ/ժ արագության հասնում է ընդամենը 3,4 վայրկյանում, իսկ 200 կմ/ժ-ի նշագիծը հատում է 10,9 վայրկյանում: Նախորդ 718 Spyder-ի համեմատ՝ ունի հավելյալ 80 ձիաուժ հզորություն, որի շնորհիվ ընդունակ է զարգացնել մինչև 308 կմ/ժ առավելագույն արագություն:

 

Կառավարման կատարյալ ճշգրտությունը երաշխավորված է ինժեներական լուծումներով։ Ինչպես 718 Cayman GT4 RS-ը, մոդելը համալրված է Porsche-ի բազմակի կցորդմամբ փոխանցման տուփով (PDK), որի շնորհիվ փախարկումները կայծակնային են, արդյունավետությունը՝ առավելագույն։ Փոխանցումները հնարավոր է կատարել ինչպես ենթաղեկային փոխարկիչների միջոցով՝ առանց ղեկը բաց թողնելու, այնպես էլ կենտրոնական վահանակի վրա առկա էրգոնոմիկ փոխանցման լծակով։

 

Բալանսավորված աերոդինամիկա

 

Նոր Porsche 718 Spyder RS-ը աչքի է ընկնում ոչ միայն անգերազանցելի հզորությամբ, այլև բացառիկ կայունությամբ և աերոդինամիկ հավասարակշռությամբ:
Ռոդսթերի դիմային հատվածը գրեթե նույնական է 718 Cayman GT4 RS-ին։ Առջևի կապոտը պատրաստված է թեթևացված ածխապլաստիկից (CFRP), իսկ թափարգելի վերին մասում ունի լայն օդամղիչ: Կապոտի վրա տեղակայված երկու NACA օդամղիչները արդյունավետորեն հովացնում են արգելակային համակարգը՝ պահպանելով օպտիմալ աերոդինամիկա վարման ողջ ընթացքում:

 

Եթե Cayman GT4 RS-ի դեպքում կայունությունն ապահովվում է մեծ թևերի շնորհիվ, ապա Spyder RS-ն օժտված է խելացի ինժեներական լուծումներով: Առջևի սփոյլերն ավելի կոմպակտ է, իսկ հետևի թևի փոխարեն տեղադրված է Porsche-ի լեգենդար «բադի պոչ» (ducktail) կողահատ եզրը: Յուրաքանչյուր աերոդինամիկ տարր վարպետորեն լրացնում է մյուսին՝ երաշխավորելով առավելագույն կայունություն և վստահություն նույնիսկ ամենաբարդ մանևրների ժամանակ:


Թեթև քաշ՝ կատարյալ կառավարման համար

 

Նոր 718 Spyder RS-ի եզակի կատարողականության հիմքում նաև քաշի օպտիմալացումն է: Ընդամենը 1,410 կգ կշռող մոդելը ոչ միայն 40 կգ-ով թեթև է իր նախորդից, այլև փակ տանիքով 718 Cayman GT4 RS-ից: Թեթև քաշը նշանակում է ոչ միայն էսթետիկ կատարելություն, այլև առավել ճշգրիտ կառավարում՝ հատկանիշ, որ բարձր է գնահատվում լյուքս դասի սպորտային մեքենաների սեգմենտում:

 

Ավտոմեքենայի հենասարքը հատուկ նախագծված է վարելիս առավելագույն հաճույք ստանալու համար, նույնիսկ՝ ոլորապտույտ ճանապարհներին։ PASM ակտիվ կախոցի և PTV համակարգի շնորհիվ ռոդսթերն արձագանքում է վարորդի յուրաքանչյուր շարժմանը կայծակնային արագությամբ ու ճշգրտությամբ՝ ապահովելով անթերի կապ մեքենայի և վարորդի միջև։

 

Ռոդսթերի անզուսպ բնավորությունը լրացնում են 30 մմ-ով նվազեցված գետնահեռությունը և 20 դյույմանոց կռածո անվահեցերը, որոնք երաշխավորում են մրցարշավային ճշգրտություն և լիարժեք վերահսկողություն յուրաքանչյուր կիլոմետրին:


Սպորտային հարմարավետ սրահ

 

718 Spyder RS-ն իսկական սպորտային ավտոմեքենա է։ Մրցարշավային անսպառ էներգիան արտահայտված է սրահի բոլոր դետալներում՝ ղեկանիվից մինչև նստատեղեր, վահանակներից մինչև ասեղնագործ տարբերանշաններ։

 

RS սպորտային ղեկանիվը հարդարված է բարձրակարգ Race-Tex կտորով, իսկ ղեկի վերին մասում տեղադրված դեղին նշագիծը հուշում է մոդելի մրցարշավային ծագման մասին:

 

Ստանդարտ համալրման մեջ ներառված են ածխապլաստիկից (CFRP) պատրաստված և կարբոնային մանրաթելերով հարդարված թեթևացված նստատեղերը, որոնք օժտված են կողային ամուր աջակցությամբ՝ երաշխավորելով կայուն դիրք և հարմարավետություն նույնիսկ ամենակտրուկ շրջադարձերի ժամանակ:

 

Ինտերիերի էսթետիկան կառուցված է հակադրությունների վրա. սև կաշվե հարդարումը համադրվում է Race-Tex կտորի տեքստուրային, իսկ գունային շեշտադրումները՝ մոխրագույն (Arctic Grey) կամ կարմիր (Carmine Red) երանգներով, սրահին հաղորդում են եզակի անհատականություն: Բացառիկության զգացողությունը լրացնում են գլխակալների վրա ասեղնագործված Spyder RS տարբերանշանները, ցուցիչների կաշվեպատ վահանակը և դեկորատիվ ներդիրները:

 

Որպեսզի Ձեր 718 Spyder RS-ը լինի անկրկնելի, Porsche-ն առաջարկում է նաև թափքի գույների լայն գամմա: Հասանելի են 4 ոչ մետալիկ և 3 մետալիկ գույներ, այդ թվում՝ նոր Vanadium Grey Metallic-ը, ինչպես նաև Arctic Grey-ը, Shark Blue-ն և Ruby Star Neo-ն:

 

Թեթևացված տանիք. ազատություն՝ առանց սահմանների


Բաց տանիքով մեքենաներն ունեն իրենց յուրահատուկ հմայքը, սակայն նոր 718 Spyder RS-ն առաջարկում է ավելին։ Ի տարբերություն՝ դասական կաբրիոլետ մոդելների՝ այն ունի մեխանիկական կառավարմամբ մեկշերտանի թեթև տանիք: Կառուցվածքը հանճարեղ է իր պարզությամբ. բաղկացած է երկու մասից՝ արևապաշտպան ծածկից և անձրևապաշտպան շերտից, որոնց համադրությունը թույլ է տալիս հարմարեցնել մեքենան ցանկացած եղանակի ու իրավիճակի։ Լիարժեք հավաքված վիճակում տանիքը հուսալիորեն պաշտպանում է մեքենայի սրահը անձրևից և քամուց։ Հեռացնելով միայն անձրևապաշտպան հատվածը՝ արևապաշտպան ծածկը կարելի է օգտագործել որպես «Բիմինի տանիք» (Bimini top), որ պաշտպանում է վարորդին և ուղևորին կիզիչ արևից՝ սրահը պահելով բաց ու օդափոխվող։ Իսկ առավելագույն ազատության և քաշի խնայողության ձգտող վարորդները կարող են ամբողջությամբ հեռացնել երկու մասերն էլ և վայելել բաց տանիքով ռոդսթերի անկրկնելի դրայվը։

 

Ողջ տանիքը, ներառյալ մեխանիկական մասերը, կշռում է ընդամենը 18.3 կգ՝ 7.6 կիլոգրամով ավելի թեթև, քան 718 Spyder-ի տանիքը, և 16.5 կիլոգրամով ավելի թեթև, քան 718 Boxster մոդելինը: Այն վարորդները, ովքեր ցանկանում են «ազատվել ավտոմեքենայի ավելորդ ութ կիլոգրամներից», կարող են տանիքը թողնել տանը, եթե եղանակային պայմանները դա թույլ են տալիս:


Հատուկ առաջարկներ. Weissach փաթեթ և ժամացույց

 

Նրանց համար, ովքեր ձգտում են կատարելության և նախընտրում են էքսկլուզիվ լուծումներով շքեղ սպորտային ավտոմեքենաներ, 718 Spyder RS-ում հասանելի է օպցիոնալ Weissach փաթեթը: Այն ներառում է բացառիկ թեթև մագնեզիումային անվահեցեր և տիտանե արտանետման համակարգ՝ նախագծված ռոդսթերի արդյունավետությունը գագաթնակետին հասցնելու համար:

 

Weissach փաթեթը սրահին հաղորդում է մրցարշավային էսթետիկա. այստեղ Race-Tex հարդարումն ընդգրկում է նաև ցուցիչների վահանակի ամբողջ վերին հատվածը: Սա ոչ միայն ոճային շեշտադրում է, այլև ունի գործնական նշանակություն. անփայլ մակերեսը բացառում է լույսի անդրադարձը դիմապակու վրա՝ ապահովելով վարորդի բացարձակ կենտրոնացումը ճանապարհին:

 

718 Spyder RS-ի սեփականատերերի համար Weissach փաթեթով հասանելի է ևս մեկ բացառիկ առավելություն՝ ձեռքով պատրաստված Porsche Design եզակի խրոնոգրաֆը: Շվեյցարական Զոլոտուրնում ստեղծված ժամացույցը կատարելապես համապատասխանում է Ձեր ավտոմեքենայի կոնֆիգուրացիային. տիտանե թեթև կորպուս, կարբոնե թվատախտակ և Porsche-ի սրահում օգտագործվող կաշվից գոտի: Նույնիսկ ժամացույցի հետևի ռոտորը կրկնում է Spyder RS-ի անվահեցերի եզակի դիզայնը:

 

Ստեղծեք և ձեռք բերեք Ձեր երազանքների 718 Spyder RS-ը

 

Porsche 718 Spyder RS-ը հանրությանն առաջին անգամ ներկայացվեց Շտուտգարտ-Ցուֆենհաուզենում 2023-ի հունիսին՝ Porsche սպորտային մեքենաների 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

 

 

Մոդելի մեկնարկային արժեքը սահմանվեց 155,575 եվրո: Կարճ ժամանակ անց ռոդսթերը գրավեց ավտոսիրահարների սրտերը նաև լեգենդար Goodwood Festival of Speed փառատոնում և ամրապնդեց իր դիրքերը՝ որպես 718 մոդելային շարքի ամենատպավորիչ ձեռքբերում։

 

Այժմ Դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական ինժեներական գլուխգործոցը և ծանոթանալ համալրումներին Porsche 718 Spyder RS կոնֆիգուրատորի միջոցով: Բոլոր դետալները՝ թափքի գույնից մինչև Weissach փաթեթի էքսկլուզիվ տարրեր, կարող են արտացոլել Ձեր անհատական ոճը և եզակի կենսակերպը:

 

Արդեն ստեղծե՞լ եք Ձեր ցանկալի կոնֆիգուրացիան։ Գրանցեք այց մեր սպասարկման կենտրոն՝ մանրամասները քննարկելու և Ձեր երազանքների Porsche-ը պատվիրելու համար։